Յոթերորդ դասարանում սովորող Մելքոնյան Ավետիսն արդեն մեկ ամիս դպրոց չի հաճախում գրենական պիտույքներ ու հագուստ չունենալու պատճառով։

«Մոտ մեկ ամիս առաջ առարկաներից մեկի համար անհրաժեշտ գրենական պիտույքները չկարողացանք գնել. դրանից հետո երեխան ամաչեց ու սկսեց դպրոց չգնալ»,- NEWS.am-ին պատմեց 13-ամյա տղայի մայրը՝ Շարմաղ Սարգսյանը:

Երեւանում բնակվող ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում։ Երբ մեր թղթակիցն այցելեց Ավետիսենց բնակարան՝ անջատել էին տան էլեկտրամատակարարումը պարտքի դիմաց։ Ընտանիքի մայրը գնում է թաղամասում ապրող մեծահարուստ մարդկանցից մեկի սննդի պահեստ ու որպես աղբ թափված բանջարեղենից ընտրում է քիչ փչացածներն ու դրանցով կերակրում ընտանիքին: Երեխայի հայրը հաշմանդամ է, մայրը նույնպես առողջական խնդիրներ ունի, որոնք նրան անաշխատունակ են դարձրել, սակայն տիկին Շարմաղին ամենից շատ անհանգստացնում է 13-ամյա Ավետիսի մոտ առաջացած հիվանդությունը։

«Երեխայի ձեռքերը դողում էին: Հիվանդանոցում գլուխը նկարեցին ու պարզվեց, որ գլխում արյունը խտացված է։ ՙՄոտ 200.000-300.000 դրամ գումար է պետք բուժելու համար»,- ասաց երեխայի մայրը:

43-ամյա կինը նշեց, որ ուզում է, որ երեխան շարունակի դպրոցում սովորել: Նրա խոսքով` երեխայի դասղեկը մի քանի անգամ այցելել է իրենց տուն ու ափսոսանք հայտնել ստեղծված իրավիճակի համար, քանի որ դպրոցում երեխայի առաջադիմությունը վատ չի եղել:

Ավետիսն ասում է, որ էլ դպրոց գնալ չի ուզում, սակայն մայրը դրան դեմ է։

«Ասում եմ` տղա ջան, նորից սկսի դպրոց գնալ, գոնե ութերորդ դասարանդ պրծի, նոր կսկսես աշխատել, չեմ ուզում էս տարիքից տանջվի աշխատելով»,- ասում է տիկին Շարմաղը, որը շատ լավ հասկանում է, որ դպրոց չգնալու` որդու ցանկության իրական պատճառը աշխատելու եւ ընտանիքին օգնելու ցանկությունն է։