Հայաստանի բանկերն արտերկրից էժան երկար փողեր բերելու լավ հնարավորություններ ունեն: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այսօր աշխարհում շատ էժան փող կա: Դա լավ հնարավորություն է մեր բանկերի համար: Իսկ մենք, որպես կարգավորող, ցանկանում ենք, որպեսզի համակարգում ոչ միայն էժան, այլեւ երկարաժամկետ փողեր հայտնվեն»,- ասաց Ջավադյանը:

Դրա համար ԿԲ-ն երկարաժամկետ տեղակայմամբ միջոցներից պարտադիր պահուստավորման ցածր դրույքաչափեր է կիրառում: Եթե թողարկումը տեղի է ունենում միջազգային բորսաներում, պահուստավորման դրույքաչափը 20%-ից հասցվում է 0-ի: Իսկ եթե տեղակայումը տեղի է ունենում հայկական բորսայում կամ նույնիսկ կազմակերպությունների կողմից, բայց երկար ժամկետով (օրինակ՝ իր բաժնետերերի համար), նվազեցված դրույքաչափ է կիրառվում՝ 5-10%:

Այսպիսով, սահմանված 20%-ը գործում է միայն կարճաժամկետ դեպոզիտների դեպքում: Իսկ պարտադիր պահուստավորման իրական դրույքաչափը հիմա 14.5%-ից պակաս է:

ԿԲ ղեկավարը հավելեց, որ մի քանի բանկեր արդեն օգտվել են դրանից եւ միլիոնավոր դոլարների թողարկում կատարել: