Ֆրանսիայի իշխանությունները քննադատել են իրանական մամուլին` Ֆրանսիայի նախագահի տիկնոջ` Կառլա Բրունիի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար: Բանն այն է, որ իրանական «Կայհան» թերթը Բրունիին անվանել է անբարոյական, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առաջին տիկինը քննադատել էր Իրանի իշխանություններին` իրանցի կնոջը դավաճանության համար քարկոծման եղանակով մահապատժի ենթարկելու համար:
Իրանի ԱԳՆ-ն դիմել է իր երկրի լրատվամիջոցներին եւ կոչ արել վիրավորական եւ արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ թույլ չտալ արտասահմանցի պաշտոնյաների հասցեին:
Այդուհանդերձ, «Կայհանը» ոչ միայն ներողություն չի խնդրել իր հրապարակումների համար, այլեւ յուղ է լցրել կրակի վրա, մեղադրելով Բրունիին կեղծավորության մեջ եւ պահանջելով նրա մահը, հաղորդում է BBC-ն:




























