Տուլայի մարզի Ուզլովյան շրջանում Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած` Գանձաքարի բնակիչ 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը Ռուսաստան էր մեկնել երեք ամիս առաջ՝  որդիների մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը:

«Վերջին տարիներին արտագնա աշխատանքի էր մեկնում երեք տղաների մոտ, շինարարություն են անում այնտեղ»,-ասաց գյուղապետը։

Գանձաքարում բնակվում է միայն Սպարտակի կինը: Որդիների ընտանիքները ապրում են Իջեւան քաղաքում: 

Հիշեցնենք, որ 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում գանգի, կողերի կոտրվածք, գլխուղեղի վնասվածք եւ սուբդուրալ հեմատոմա ախտորոշմամբ, եւ մի քանի ժամ անց մահացել է:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 9-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: