Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից 9-րդ հայի զոհվելու մասին  լուրերը չեն հաստատվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել է  Ռուսաստանի հայերի միության Տուլայի մարզային ստորաբաժանման նախագահ Ռաֆիկ Պապյանը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ՌՀՄ աշխատակիցներն այցելել են բոլոր բուժհաստատությունները, որտեղ գտնվում են վթարից տուժածները, պարզվել է, որ 9-րդ զոհի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի վիրավոր ուղեւորներից 17-ը գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 10 հոգի վնասվածքաբանության բաժանմունքում է, եւս 2 վիրավոր գտնվում է վիրաբուժական բաժանմունքում։ 5 մարդ ամբուլատոր բուժօգնություն է ստացել։