Տուլայի  մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի փաստով քննիչներն առաջ են քաշում 2 հիմնական վարկած՝ կամ վարորդը քնել է ղեկին, կամ ավտոբուսը տեխնիկապես անսարք վիճակում է եղել։ Արդեն հայտնի է, որ ավտոբուսը երթուղային է եղել եւ դուրս է եկել ըստ իր գրաֆիկի։ Վարորդը ունեցել է փոխարինող, որը նույնպես եղել է ավտոբուսում։

Այս պահին ավտոբուսը տեխնիկական փորձաքննություն է անցնում։

«Արդեն հիմա դեպքի վայրի զննությունից պարզ է դառնում, որ ավտոբուսը մի քանի անգամ բախվել է արգելապատնեշին։ Հիմքեր կան ենթադրելու, որ վարորդը քնել է ղեկին։ Ստուգումներ են անցկացվում։ Կանցկացվի փորձաքննությունը։ Վարորդը պետք է հանգստանալու ժամանակ ունենա»,- ասել է Տուլայի մարզի պետավտոտեսչության վերահսկողության վարչության պետ Մաքսիմ Սեմիոխինը։

Եթե պարզվի, որ վթարի մեղավորը վարորդն է, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում։ Իսկ եթե վթարի պատճառը ավտոբուսի անսարքությունն է, օրենքի առաջ պատասխան է տալու տրանսպորտային ընկերությունը, որը անսարք ավտոբուսը երթուղի է հանել։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում  59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան 8 զոհի եւ 47 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։