Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո 11 հայ վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին ասել է շրջանի առողջապահության  նախարար Օլգա Ավանեսյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«8 մարդ զոհվել է, 48-ը վիրավորվել են։ 33 մարդ հոսպիտալացվել է, իսկ մյուսները ամբուլատոր օգնություն են ստացել եւ գնացել։ 11 հոգի վերակենդանացման բաժանմունքում է»,- ասել է Ավանեսյանը։

Մարզի ղեկավարության տվյալներով՝ 17 մարդ հոսպիտալացվել է Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, 13 մարդ՝ Կիրեեւսկի Կենտրոնական մարզային հիվանդանոց, երեքը տեղափոխվել են Նովոմոսկովսկի քաղաքային հիվանդանոց, մեկ մարդ ամբուլատոր բուժում է ստացել։ 20 վիրավոր գտնվում է Ուզլովայա քաղաքի ժամանակավոր տեղակայման կետում, 4 մարդ էլ հարազատների մոտ։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում  59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան 8 զոհի եւ 48 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։