Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի ուղեւորներից 32-ն է այս պահին բուժօգնություն ստանում հիվանդանոցներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

«Տուժածներից 3-ն էլ են դուրս գրվել հիվանդանոցից: Այս պահին հիվանդանոցներում են գտնվում 32 տուժած, որոնցից 8-ի վիճակը ծանր է: Մյուսների վիճակը բավարար է»,- ասաց Խանգելդյանը:

Նա հայտնեց, որ դեռեւս հնարավոր չէ ճշտել զոհերի անունները, քանի որ դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները եւ բոլոր փաստաթղթերը գտնվում են ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: