Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ 44-ամյա Գառնիկ Հարությունյանը 2015թ. հունիսին Մոսկվայում վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Հայգեր» ավտոբուսը անսարք վիճակում վարելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայությունը։

Նախնական վարկածի համաձայն՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը։ Հաստատվել է, որ վարորդը եղել է սթափ վիճակում։

Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 կամ ավելի մարդկանց մահվան։Շարունակվում է դեպքի քննությունը՝ կատարվածի մանրամասները պարզելու համար։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Հայգեր» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում  59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան 8 զոհի եւ 48 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։