Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, երեկոյան մեկնելու է Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաք, որտեղ այս գիշեր վթարի է ենթարկվել հայկական ավտոբուսը:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ի հայտնեցին, որ քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյաներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր՝ ռուս գործընկերների հետ տեղում համակարգելու աշխատանքները:
Մինչ այդ, պատասխանատու բոլոր գերատեսչությունների ղեկավարներն անմիջական կապի մեջ են ՌԴ համապատասխան գերատեսչությունների պաշտոնակիցների հետ՝ նրանցից ստանալով տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:































