Եթե պատգամավորները ցանկանում են տնտեսել պետական կառավարման մարմինների վրա, նրանք կարող են վերանայել սեփական աշխատավարձերը։ Այս մասին նոյեմբերի 3-ին՝ ՀՀ խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Ուրիխանյանը Հարությունյանին առաջարկել է 1 մլրդ դրամով կրճատել Կառավարության աշխատակազմի ծախսերը, իսկ գումարները տրամադրել քաղաքացիների բժշկական օգնությանը։ Ավելի վաղ նման առաջարկով Ուրիխանյանը դիմել էր խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին։

Դրան ի պատասխան՝ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը կարող է մեծ ուրախությամբ անել դա։ Սակայն պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում կառավարության եւ խորհրդարանի պահպանման ծախսեր ասվածը։ Իսկ դա նշանակում է աշխատավարձերը։

«Հավանաբար այդ դեպքում ավելի ճիշտ կլիներ առաջարկել փոխել աշխատավարձի չափը։ Պատգամավորների կամ նախարարների՝ կարեւոր չէ։ Որպես պատգամավոր՝ կարող եք առաջարկել նման օրինագիծ»,- ասել է Հարությունյանը։