ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաեւ սպանության մեկ այլ դրվագ եւս:
Սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը՝ Ն.Խ.-ն, նշված գործի շրջանակներում խոստովանական ցուցմունք է տվել, որ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Գոհար Բարսեղյանին եւս իքն է սպանել:
2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարեւանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:
Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետեւանք է նշված գանգուղեղային վնասվածքի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:
Մշակվել է քննչական գործողությունների պլան, առաջ քաշվել հնարավոր վարկածներ:
Քանի որ նախաքննության մարմնի ուշադրությունից չէր վրիպել այն հանգամանքը, որ երկու դիակներից անհետացել են տուժողների ոսկյա ականջօղերը, առաջ քաշված վարկածներից ելնելով՝ հարցման եւ հարցաքննության են ենթարկվել մարզում ոսկյա զարդերի առուվաճառքով զբաղվող անձինք:
16-ամյա երիտասարդը ճանաչման է ներկայացվել Գ.Բարսեղյանի եւ Վ.Սիմոնյանի ոսկե ականջօղերը գնած ոսկերիչներին, ովքեր ճանաչել եւ հաստատել են, որ զարդերը վաճառելու նպատակով իրենց առաջարկել է հենց ճանաչման ներկայացված անձը:
Անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների պայմաններում անչափահաս Ն.Խ.-ի կողմից տրվել է խոստովանական ցուցմունք այն մասին, որ Գ.Բարսեղյանին եւս ինքն է սպանել:
Մասնավորապես՝ Ն.Խ.-ն 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, հողագործական աշխատանքներ գտնելու նպատակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գոհար Բարսեղյանին եւ առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում էլ տարեց կնոջ ականջներին նկատել է ոսկյա ականջօղերը:
Այնուհետեւ նշված ոսկե ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է Գ.Բարսեղյանի գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը եւ դիմել փախուստի: Պարզվել է նաեւ, որ կնոջ մատներին եղել են նաեւ ոսկյա մատանիներ, որոնք, սակայն, Ն.Խ.-ն չի հափշտակել:
Անչափահաս Ն.Խ.-ի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա մատնացույց է արել Գ.Բարսեղյանի հողամասը եւ նկարագրել դեպքի բոլոր հանգամանքները:
2015թ. նոյեմբերի 2-ին Գ.Բարսեղյանի եւ Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ եւ 16-ամյա Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն):
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Վայոց ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ն.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։






























