Հայաստանի կառավարության ոսկեզօծ դահլիճներում ոչ մի ճոխություն չկա։ Հակառակը, մինչեւ վերջերս դրանք լուրջ վերանորոգման կարիք ունեին։ Այս մասին նոյեմբերի 3-ին  ԱԺ-ում  2016 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիդ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։

«Չէ՞ որ խորհրդարանի շենքում  նույնպես ոսկեզօծ դահլիճ կա, բայց դա դեռ չի նշանակում, որ այնտեղ պատերի վրա ոսկի է։ Խոսքն ընդամենը գույնի մասին է։ Իսկ ինչ վերաբերում է  դահլիճների վիճակին, ապա մինչեւ վերջերս դրանք այնքան էլ իդեալական վիճակում չէին։  Իսկ այս հարցում  տնտեսելն անհնար է, քանի որ այդ դահլիճերում մենք   բարձրաստիճան պատվիրակություններ ենք ընդունում։ Իսկ երբ խոսքը երկրի հեղինակության մասին է, ուրեմն  պետք է ծախսեր անել՝ որակի թեկուզ համեստ, բայց ամուր չափանիշների համապատասխան», - հայտարարել է Հարությունյանը։