LifeNews-ի ձեռքի տակ է հայտնվել Եգիպտոսում կործանված А321 օդանավի զոհերի մարմինների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Պետերբուրգի դիահերձարաններ է բերվել ավելի քան 200 կենսաբանական մաս, որոնցից փորձագետներին հաջողվել է «հավաքել» մոտ 150 մարմին։
Օդանավի բոլոր զոհված ուղեւորներին պայմանականորեն կարելի է բաժանել 2 խմբի։ Առաջին խմբում մարդիկ են, որոնց մարմինները գտել են օդանավի հիմնական մասի ընկնելու վայրում։ Երկրորդ խմբում ուղեւորներն են, որոնց մարմինները գտել են օդանավի պոչի հատվածի բեկորների տակ։
Նրանք, ովքեր նստած են եղել օդանավի առաջնամասում, բութ վնասվածքներ են ստացել կրծքավանդակի, որովայնի եւ կոնքի շրջանում։ Նրանց մոտ կան վերին եւ ստորին վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ եւ ներքին օրգանների պատռվածքներ։ Մարդիկ մահացել են սուր արյունահոսությունից, շոկից եւ գանգուղեղի բաց վնասվածքներից։
Դատաբժիշկները, ուսումնասիրելով պոչի հատվածի ուղեւորների մարմինները, հայտնաբերել են, որ նրանց վնասվածքների բնույթը էապես տարբերվում է առաջին խմբի վնասվածքների բնույթից։ Նրանց մեծ մասի մոտ ախտորոշվել են այսպես կոչված պայթյունային վնասվածքներ՝ մարմնի փափուկ հյուսվածքների ավելի քան 90 տոկոսի բազմաթիվ այրվածքներով։
Աղբյուրի փոխանցմամբ կարող էին պայթել վառելիքի բաքերը կամ անհայտ պայթուցիկ սարք։ Ուղեւորների այրված հյուսվածքներն արդեն ուղարկել են փորձաքննության։ Դրանցում պայթուցիկի հետքեր են որոնում։ Սակայն փորձագետներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ պոչի հատվածի զոհերի մեծ մասի մարմիններում մետաղի, օդանավի պաստառների եւ դրա դետալների մնացորդներ են հայտնաբերվել։ Այսպես կոչված պայթյունային վնասվածքները մատնանշվում են այն դեպքերում, երբ հայտնաբերվում են կամ հարվածային ալիքի հետքեր կամ պայթուցիկ քիմիական նյութի եւ ջերմային ազդեցության տարրեր։
Նման վնասվածքների դեպքում զոհերի մոտ այրված կամ հալված է լինում հագուստը, ինչպես նաեւ լինում են հարվածային ալիքից բազմաթիվ փափուկ հյուսվածքների սալջարդեր։





























