Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած Գառնիկ Հակոբյանը Մոսկվայից վերադառնում էր որդու հետ, որն այս պահին հիվանդանոցում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը, որի համագյուղացին է Գառնիկ Հակոբյանը:

«Ամեն տարի որդու հետ մեկնում են Մոսկվա՝ արտագնա աշխատանքի: Այս անգամ էլ էր որդու հետ, որը հիմա հիվանդանոցում է: Ասում են՝ վիճակը բավարար է, հստակ ոչինչ մենք չգիտենք»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը:

Նշենք, որ զոհված ուղեւորներից 7-ի անունն է այս պահին հայտնի՝

1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.),

2. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.),

3. Հրաչ Բադալյան,

4. Գագիկ Մանուկյան,

5. Վարուժ Ստեփանյան,

6. Հայկ Ժորայի Հովհաննիսյան (ծնվ. 1970 թ.),

7. Հակոբ Լյուդվիգի Ալիխանյան:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: