Հայաստանի բնակչության 39.4%-ը կողմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ կարծում է՝ փոփոխությունները կնպաստեն ժողովրդավարության ամրապնդմանը, կնպաստեն երկրի բնականոն զարգացմանը:

Նման պատկեր է արձանագրել Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի բնակչության շրջանում 2015թ. սեպտեմբերին անցկացրած հարցումների արդյունքում։

Փոփոխություններին կողմ արտահայտվող քաղաքացիների 39.1%–ը կարծում է, որ փոփոխությունները կնպաստեն ժողովրդավարության ամրապնդմանը, 35.4%-ը իր դիրքորոշումը պատճառաբանել է նրանով, որ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն երկրի բնականոն զարգացմանը: Ըստ կողմ արտահայտվողների 22.5%-ի՝ նոր Սահմանադրությունը թույլ կտա հավասարակշռել կառավարման համակարգը, 13.3%-ի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն քաղաքական համակարգի կայունության ապահովմանը:

Ըստ նույն հետազոտության՝ բնակչության 34.1%-ը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ Նրանցից 33.4%-ը կարծում է՝ սահմանադրական փոփոխություններն ուղղված են գործող իշխանության վերարտադրմանը, 25.5%-ը դեմ է, որովհետեւ կարծում է՝ գործող Սահմանադրությունն ավելի նպաստավոր է մեր երկրի համար, իսկ 21.5%-ի կարծիքով՝ այն խոչընդոտում է երկրի առաջընթացին, 9.8%-ի կարծիքով՝ նոր Սահմանադրությունը սպառնալիքներ կստեղծի երկրի անվտանգության համար, 3.4%-ը դեմ է, քանի որ կարծում է՝ ոչինչ չի փոխվելու, 2.7%-ի կարծիքով էլ՝ սահմանադրական փոփոխություններով ժողովրդի վիճակը կվատթարանա:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող:

Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւի: