ՌԴ Կոմիի Հանրապետության Դաշնային միգրացիոն ծառայության վարչությունը ՀՀ խուլ եւ կույր քաղաքացուց պահանջում է ռուսերենի իմացության քննություն հանձնել։
Ինչպես «Կոմինֆորում»-ին հայտնել է աղջկա մայրը՝ Գոհար Մեսրոպյանը, իրենց ընտանիքն արդեն 5 տարի է, ապրում է Սիկտիվկարում։ Նրանց ժամանակավոր կեցության իրավունքի ժամկետը մոտեցել է ավարտին, եւ նա դիմում է ներկայացրել իր, ամուսնու եւ դստեր կեցության իրավունքի ժամկետը երկարաձգելու համար։ Սակայն պարզվել է, որ նոր օրենքը պահանջում է ռուսերենի քննություն հանձնել։
«Ինձ եւ ամուսնուս համար քննություն հանձնելը խնդիր չէ, բայց աղջիկս մանկուց կույր եւ խուլ է, անժամկետ առաջին կարգի հաշմանդամություն ունի։ Ես Գայանեին բերել եմ միգրացիոն ծառայություն, որպեսզի ցույց տամ, որ նա չի կարող քննություն հանձնել, բայց նրանք մեզ հրաժարվեցին ընդունել եւ ասացին, որ հասկանում են խնդիրը, սակայն ոչնչով օգնել չեն կարող»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ գերատեսչությունից հայտնել են, որ հաշմանդամության տեղեկանքը քննություն չհանձնելու պատճառ չէ։





























