Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի մասին:
Ըստ Կոմիտեի մամուլի ծառայության՝ հոկտեմբերի 21-ին Սամսոն Ղազարյանը հաղորդում է տվել, որ ինքը ծեծի է ենթարկվել:
Նախնական քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին` ժամը 09:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գտնվող թիվ 82 դպրոցի մոտակայքում Ս.Ղազարյանին ծեծի է ենթարկել Բ. Փայտյանը՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Պարզվել է, որ ավտոմեքենայով երթեւեկելու ընթացքում միմյանց չզիջելու հետեւանքով Ս.Ղազարյանը եւ Բ.Փայտյանը վիճել են, որի ընթացքում Բ.Փայտյանը բռունցքով հարվածել է Ս.Ղազարյանին:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր՝ 2015թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական Կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:





























