ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի մասնագետները ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, 2015 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 18.00-ի սահմաններում, խուզարկություններ են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասնաշենքերից մեկի 3-րդ հարկում գտնվող մի շարք խցերում:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել  են արգելված իրեր եւ առարկաներ, ինչի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Խուզարկություններ են կատարվել նաեւ ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքի առաջին հարկում գտնվող պատժախցերում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել խուզարկություն իրականացնող անձինք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, կալանավորներ, ովքեր հերքել են իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները, ինչպես նաեւ,  որ անհնազանդության, բռնության կոչեր չեն հնչել, եւ հայտնել են, որ  որեւէ մեկի նկատմամբ ֆիզիկական ուժ չի գործադրվել:

Միաժամանակ, կատարվել են համապատասխան զննումներ եւ պատժախցերում գտնվող անձանց մոտ որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, մարմնական վնասվածք ստանալու կապակցությամբ գանգատներ չեն ներկայացվել: