Ավարտվել է Նուրբարաշեն քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ սկսված ծառայողական քննությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քննությունը պարզել է, որ բանտարկյալների նկատմամբ բռնություն չի կիրառվել:
«Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ծառայողական քննության ընթացքում պարզել ենք, որ որևէ դատապարտյալի նկատմամբ, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որևէ բռնության դեպք չի եղել: Որևէ դատապարտյալ այդ հարցով չի դիմել քրեակատարողական ծառայությանը: Այն բոլոր տեղեկությունները, որոնք եղել են իմ ձեռքի տակ, և որոնք մենք ուսումնասիրել ենք, ինձ թույլ են տալիս նման հայտարարություն անել»,-ասել է նախարարը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում աղմուկ է բարձրացրել հերթական ստուգայցի ժամանակ, որի ընթացքում մի շարք դատապարտյալների մոտ արգելված իրեր են հայտնաբերել եւ փորձել դրանք առգրավել:
«Այն ժամանակ, երբ խցերից մեկում արգելված առարկաների հայտնաբերման գործողություն է կատարվել և առգրավում է եղել, դա առաջացրել է դատապարտյալների դժգոհությունը: Նման դժգոհություն է արտահայտվել նաև կողքի խցերից, այդ պատճռով էլ որոշակի աղմուկ է եղել»,-նշեց արդարադատության նախարարը:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե կատարվածը ուղղված էր նորանշանակ նախարարի դեմ՝ Արփինե Հովհաննիսյանը ասաց. «Այդպիսի խոսակցությունները ես որակել եմ որպես անհեթեթություն և ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ այդ դիրքորոշումը»:





























