Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը ընկերներ էին, ամեն տարի միասին մեկնում էին արտագնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավար Մնացական Վարդանյանը, որի համագյուղացիներն են զոհված 3 ուղեւորները:

Գյուղապետը հայտնեց, որ 34-ամյա Հրաչ Բադալյանն ամուսնացած էր, կինը երկրորդ բալիկին էր սպասում:

«Գագիկ Մանուկյանը 54 տարեկան էր, մեկ տղա եւ մեկ աղջիկ ուներ: Իսկ Վարուժան Ստեփանյանը մեր գյուղից էր, սակայն ապրում էր Չարենցավանում: Երեքն էլ մտերիմ էին շատ, միասին էին մեկնում խոպանի»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ զոհված ուղեւորներից 8 ուղեւորների անուններն էլ հայտնի են՝

1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.),

2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան,

3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.),

4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.),

5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.),

6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),

7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),

8. Արտաշես Հովհաննիսյան (ծնվ. 1980թ.):

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: