Հասարակությունը անհամբերությամբ սպասում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նոր գիտական աշխատություններին։ Այդ մասին խորհրդարանում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բյուջեի լսումների ժամանակ։

«2014թ. մենք բոլորս մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ դուք գիտական բուռն գործունեություն եք ծավալում եւ գրել եք «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր ժամանակները» թեմայով դոկտորական ատենախոսություն եւ ստացել պատմափիլիսոփայության դոկտորի կոչում:

Հետո պարզվեց, որ ոչ թե պատմափիլիսոփայության, այլ պետական կառավարման դոկտորի կոչում եք ստացել: Պատրաստվո՞ւմ եք արդյոք շարունակել ձեր գիտական գործունեությունը եւ հնարավո՞ր է առաջիկայում տեսնենք «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանականերից մինչեւ մեր օրերը» թեմայով ատենախոսություն ու դրա շրջանակներում պատրաստվո՞ւմ եք արդյոք պայքարել ԳԱԱ ակադեմիկոսի կոչումի համար»,- հարցրել է Փաշինյանը։

Մարզպետը հրաժարվել է պատասխանել հարցին, նշելով, թե այն վարման կարգի հետ կապ չունի։