Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 1-ին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով աշակերտներին եւ ուսուցիչներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Սիրելի  աշակերտներ, հարգելի ուսուցիչներ եւ ծնողներ, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Այս օրը խոհրդանշական է, որովհետեւ հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ։ Ընտանիքները առաջին անգամ երեխաներին դպրոց են տանում, առաջին անգամ մեր երեխաները մուտք են գործում ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքներն են սկսում համալսարանները։ Եվ  բոլորն այդ նոր սկիզբը սկսում են նոր հույսերով, նոր հավատով` ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագան։ Մենք  պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ դուք`  բոլորդ, ամեն օր մեծ ուրախությամբ եւ խանդաղատանքով այցելեք դպրոց։ Մանավանդ, կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցն ունի այդ առաքելությունը։ Մենք  հիշում ենք  Անդրանիկ Մարգարյանին`  որպես հայրենասեր պետական, քաղաքական գործչի, որը գնահատում էր դպրոցը, գիտելիքը, դաստիարակությունը։ Գիտելիքի օրը  նաեւ այլ խորհուրդ ունի. մենք պետք է կարեւորենք այն մարդկանց, ովքեր կրում են գիտելիք, ովքեր դասավանդում են»,- ասել է  վարչապետը` կարեւորելով նաեւ այն փաստը, որ մասնակիցն են  ուսուցիչների երդման արարողությանը»: