ՌԴ-ում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Ուզլովայա բժշկական կենտրոնում գտնվող Արիկոնյանը ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ ողնաշարի վնասվածք: Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Արիկոնյանի անձնական տվյալներ դեռեւս հայտնի չեն:
Նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են նաեւ ծանր վիճակում գտնվող Գոհար Գասպարյանը եւ Սերյոժա Սարգսյանը: Նրանք ստացել են գանգուղեղային վնասվածք:
Նշենք, որ այս հիվանդանոցում բուժօգնություն են ստանում ընդհանուր 15 ուղեւոր: Մյուս 11-ի վիճակը միջին ծանրության է:
Կիրեևսկի եւ Նովոմոսկովսկի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 11 ուղեւոր: Նրանց վիճակը միջին ծանրության է, ունեն կոտրվածքներ կամ բաց վերքեր:
Ամբուլատոր բուժում ստացած ուղեւորներն էլ այս պահին գտնվում են Տուլա քաղաքի հյուրանոցներից մեկում: Այսօր նրանք կստանան իրենց իրերը, եւ չի բացառվում, որ օրվա վերջում վերադառնան Հայաստան:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:





























