Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած Հայկ Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից էր, ամեն տարի մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սեւանի քաղաքապետարանից:
45-ամյա Հայկ Հովհաննիսյանը մասնագիտությամբ խոհարար էր, ամեն տարի մի քանի ամսով մեկնում էր Մոսկվա աշխատելու:
Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ այսօր վաղ առավոտյան Հովհաննիսյանի հարազատները Մոսկվայից մեկնել են Տուլա՝ մարմինը Հայաստան տեղափոխելու համար:
Նշենք, որ ողբերգական վթարի հետեւանքով 8 ուղեւոր է մահացել: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:





























