Եգիպտոսում կործանված А321 օդանավի զոհերի առաջին հուղարկավորումները կարող են կայանալ արդեն այս շաբաթ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Ալբինը։

«Հաշվի առնելով այս պահին ընթացող քննչական գործողությունները եւ փորձաքննությունները՝ ավիավթարի զոհերի առաջին հուղարկավորումները կարող են կայանալ այս շաբաթվա վերջում, հնարավոր է՝ ավելի շուտ»,- ասել է Ալբինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին, դուրս է եկել Եգիպտոսից եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։