ՌԴ-ում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից 6-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Այսօր՝ նոյեմբերի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Տուլայի շրջանի երեք հիվանդանոցներում են գտնվում 26 տուժած, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 2-ը՝ ծանր, իսկ մնացածը՝ միջին ծանրության:

Նշենք, որ Ուզլովայա քաղաքի բժշկական կենտրոնում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արիկոնյանը ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ ողնաշարի վնասվածք: Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Արիկոնյանի անձնական տվյալներ դեռեւս հայտնի չեն:

Նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են նաեւ ծանր վիճակում գտնվող Գոհար Գասպարյանը եւ Սերյոժա Սարգսյանը: Նրանք ստացել են գանգուղեղային վնասվածք:

Կիրեևսկի եւ Նովոմոսկովսկի  բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 11 ուղեւոր: Նրանց վիճակը միջին ծանրության է, ունեն կոտրվածքներ կամ բաց վերքեր:

Ամբուլատոր բուժում ստացած ուղեւորներն էլ այս պահին գտնվում են Տուլա քաղաքի հյուրանոցներից մեկում: Այսօր նրանք կստանան իրենց իրերը, եւ չի բացառվում, որ օրվա վերջում վերադառնան Հայաստան:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է: