Հայաստանում 2016թ. սոցիալական ապահովության ծախսերը կաճեն 3.8 տոկոսով։ Այս մասին ասված է 2016թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում, որի վերաբերյալ լսումները շարունակվում են խորհրդարանում։ Ընդհանուր ծախսերը կազմում են 405.5 մլրդ դրամ։

Այդ թվում կենսաթոշակների ծախսերը 0.8 տոկոսով կպակասեն, քանի որ, Աշխատանքի նախարարության հաշվարկներով, թոշակառուների թիվը կկրճատվի. նրանց թիվը 458.5 հազարից կդառնա 457 հազար։ Թոշակների ընդհանուր հատկացումները կկազմեն 223.8 մլրդ դրամ։

Կուտակային թոշակների համաֆինանսավորման ծավալները կմեծանան 46.5 տոկոսով եւ կկազմեն 26.7 մլրդ դրամ։ Դա պայմանավորված է կուտակային համակարգի մասնակիցների թվի աճով։ Եթե 2015թ. դրությամբ համակարգում կար 118.7 հազար մարդ, ապա 2016թ. նրանց թիվը կկազմի 137.5 հազար։

Սպաների եւ նրանց ընտանիքների թոշակների համար հատկացվել է 10.4 տոկոսով ավելի շատ, քան 2015թ. (23.1 մլրդ դրամ)։

Ծերության, հաշմանդամության եւ կերակրողի սոցիալական նպաստների հատկացումները կաճեն 5.5 տոկոսով եւ կկազմեն 14.1 մլրդ դրամ, իսկ անապահով ընտանիքների նպաստներին կհատկացվի 38.3 մլրդ դրամ։

Խորհրդային ավանդների փոխհատուցման համար Խնայբանկից կհատկացվի մոտ 1.5 մլրդ դրամ կամ այնքան, որ քան 2015թ.։