Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի նոյեմբերի 4-ի նիստի սկզբում Ամենայն հայոց կաթոիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ, աղոթք է բարձրացվել առ Աստված ՌԴ Տուլայի մարզում` «Դոն» մայրուղու վրա, Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները վշտակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Ժողովականները նաեւ շուտափույթ ապաքինում են մաղթել բոլոր վիրավորներին:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան 8 զոհի եւ 47 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։