Նախնական տեղեկություններով Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի զոհերի մարմիններն ու վիրավորների մի մասին Հայաստան կտեղափոխեն ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթով։
Ողբերգական ավտովթարի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովում քննարկման ժամանակ որոշում է կայացվել զոհերի մարմիններն ու վիրավորների մի մասին Հայաստան տեղափոխել նոյեմբերի 5-ին։ Տեղափոխության կազմակերպման համար գործի կդրվի ՌԴ ԱԻՆ օդանավը՝ անհրաժեշտ ամեն տեսակ բժշկական սարքավորումներով։
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:





























