Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած երկու ուղեւորների ինքնությունը դեռ չի հաստատվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

«Ունենք երկու տուժած, որոնց միայն ազգանուններն ունենք: Տուլա մեկնած հանձնաժողովի նպատակներից մեկն էլ հենց պարզել այս ուղեւորների անձնագրային տվյալները: Բացի դրանից՝ մենք խնդիրներ ունենք ուղեւորների փաստաթղթերի հետ կապված, հնարավոր է՝ նրանց մի մասը փաստաթղթեր կորցրած լինի: Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ այդ ուղեւորներին գոնե ժամանակավոր փաստաթղթեր տրամադրվեն՝ Հայաստան գալու համար»,- ասաց Խանգելդյանը:

Նրա խոսքով՝ ավտոբուսում եղել է 63 ուղեւոր, որոնցից 2-ը՝ վարորդ: Խանգելդյանը նշեց, որ կան ուղեւորներ, որոնք որեւէ վնասվածք չեն ստացել եւ հիվանդանոց չեն դիմել. «Նրանց տվյալները նույնպես պետք է ճշտենք»:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, Հակոբ Ալիխանյանը՝ Դիլիջան քաղաքից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է: