Տուլայի դատարանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, կորոշի վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի խափանման միջոցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Գառնիկ Հարությունյանին տրամադրվել է հանրային պաշտպան:

Նշենք, որ Հարությունյանը դեպքից անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: