ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի դեպքով Հայաստանում հարուցվել է քրգործ. Հայաստանի Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի վերաբերյալ:
Կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Դոն ավտոմայրուղում, դեպի Հայաստանի Հանրապետություն ընթանալիս, վթարի է ենթարկվել ՀՀ-ում հաշվառված «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսը, որն անզգուշությամբ առաջացրել է 8 մարդու մահ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքի հետ կապված ԶԼՄ-ների հաղորդումներով ստացված տեղեկությունների վերլուծությամբ՝ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել՝ նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցները տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու արդյունքում:
Դեպքի առթիվ 2015թ. նոյեմբերի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:
Նույն օրը քրեական գործով կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչները:
Կատարվել եւ կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: Մասնավորապես՝ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ից առգրավվել են վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման վերաբերյալ, վարորդների եւ մյուս աշխատակիցների անձնական գործերը, աշխատանքային պայմանագրերը, էլեկտրոնային տեղեկատվությունը, հարցաքննվել են հիշյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման եւ սպասարկման համար պատասխանատու անձինք: Գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով պատկան մարմիններին կատարվել են հարցումներ եւ պահանջվել համապատասխան փաստաթղթեր:
Հարուցված քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական անհետաձգելի գործողություններ:
Մոսկվայի եւ Տուլայի մարզի իրավապահ մարմինների հետ աշխատանքների համակարգումը եւ համագործակցությունն ապահովվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի կողմից:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:































