Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից վիրավորված 32 ուղեւորներից 9-ը դուրս են  գրվել հիվանդանոցից։ Այս մասն  հայտնել են շրջանի ղեկավարությունից։

Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լեւինան իր զեկույցում նշել է, որ ավտոբուսում եղել է 63 ուղեւոր։ Վթարից վիրավորվել են 46-ը, զոհվել՝ 8-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հոսպիտալացվել է 32 մարդ, որոնցից 9-ը դուրս է գրվել։ Վեց մարդ ամբուլատոր բուժօգնություն է ստացել»,- հայտնել են մարզի ղեկավարությունից։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Մարինա Լեւինան հայտնել էր, որ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից վիրավորված ուղեւորների բուժման համար Մոսկվայից կամ արտասահմանից բժիշկներ հրավիրելու անհրաժեշտություն չկա։

«Գործի է դրվել նաեւ հեռուստաբժշկությունը։ Նախօրեին երեք սեանս է կայացել»,- հավելել էր նա՝ նշելով, որ երեք բարդ դեպքերում կարիք է եղել դիմել դաշնային պրոֆեսորությանը տուժածների հետագ բուժման կազմակերպման համար։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է: