Տուլայի մարզում Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածների փոխհատուցում տրամադրելու հարցը դեռ չի քննարկվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր ասաց Կապի եւ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով այս պահին Մոսկվայում է։

Նա նշեց, որ տուժած ուղեւորները վաղը Հայաստանից ժամանած պատվիրակության հետ նույն ինքնաթիռով են վերադառնալու Երեւան։

Մեր հարցին,  թե վթարի ինչ վարկածներ են քննարկվում, արդյոք մեքենան սարքին վիճակո՞ւմ է եղել, Բեգլարյանը նախընտրեց այդ հարցերին պատասխանել Երեւանում․ «Այդ հարցերին կպատասխանենք Երեւանում, հիմա մարդկանց վիճակն է կարեւոր, մենք հիվանդանոցներում այցելում ենք տուժածներին»։

Տուժողներին, զոհերի ընտանիքներին  փոխհատուցում տրամադրելու  հարցերն, ըստ Բեգլարյանի, չեն քննարկել։

«Այս պահին քննարկումներ են գնում՝ տուժածներից  ովքեր մեկնեն, ովքեր շարունակեն հիվանդանոցում բուժումը։ Ունենք ծանր հիվանդներ, հիմա միայն քննարկվում է մարդկանց վիճակը, Հայաստան տեղափոխվողների հարցը։ Վաղը բոլորս միասին նույն ինքնաթիռով կվերադառնանք Հայաստան»։ 

 Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է: