2015 թվականին Հայաստանում շուրջ 70 հեկտար ժամանակակից ջերմոցային տնտեսություն է բացվել: Նոյեմբերի 4-ին խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Առաջիկա տարիներին բիզնեսը նախատեսում է եւս 40-50 հեկտար տարածքով ջերմոցներ բացել: Նախարարի խոսքով, դա թույլ կտա ծածկել ձմեռային ամիսներին հանրապետությունում առկա բանջարեղենի պահանջարկը:
Ցանկալի է, որպեսզի փոքր ջերմոցներ բացեն նաեւ անհատ ֆերմերներ, ինչի հետեւանքով նրանք ձմռանը զբաղված կլինեն եւ եկամտի լրացուցիչ աղբյուր կունենան:
Նրանց աջակցության համար Արարատի մարզի Դարակերտ գյուղում ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների խորհրդատվական կենտրոն է բացվել՝ ցուցադրական 3 փոքր ջերմոցներով: «Մենք նաեւ ֆերմերներին հնարավորություն ենք տվել ցածր տոկոսադրույքով վարկեր վերցնել՝ ջերմոցային տնտեսությունները զարգացնելու, ինչպես նաեւ իտալական եւ իսրայելական էժան ջերմոցային համակարգեր ձեռք բերելու համար»,- ամփոփեց Կարապետյանը:





























