Մոսկվա-Երեւան ավտոբուսի ողբերգական վթարից տուժածները վթարից միայն այն են հիշում, որ արթանացել են ու տեսել, որ ավտոբուսը շրջված է:
«Երեք–չորս ժամ արդեն ճանապարհին էինք, գիշեր էր ու բոլորս քնած էինք: Բոլորն արթնացան ու զգացին, թե ինչ էր կատարվում, բոլորը գոռում էին: Ես վթարից արթնացա, թվաց, թե կյանքիս վերջին րոպեներն են, ավտոբուսը շրջվել էր, մի քանի մետր սղալով գնում էինք: Դիմացի ապակին կոտրված էր, դրա միջով դուրս եկա, ու որ ոտքի վրա կանգնեցի, զարմացա, որ ողջ եմ մնացել»,- NEWS.am-ի հետ զրույցում մղձավանջային րոպեները վերհիշեց վթարի վիրավորներից Գարիկ Ղասաբոգլյանը:
Գարիկը երկրորդ մարդն է եղել, որ դուրս է եկել շրջված ավտոբուսից: Մի քանի րոպե չի հասկացել, թե ինչ է կատարվում, ապա իրենից հետո ավտոբուսից դուրս եկածների հետ փորձել օգնություն ցույց տալ ու դուրս բերել մյուսներին:
«Շոկի մեջ էի, նայում էի շուրջս ու ոչ մի բան չէի գիտակցում, ոնց որ երազի մեջ լինեի: Բոլորն օգնություն էին գոռում: Մենք էլ՝ մի մասս, որ դուրս էինք կարողացել գալ, օգնեցինք, արագ, ինչքան կարողացանք մյուսներին հանեցինք»,- պատմեց նա:
Մինչ Գարիկն ու մյուսներն իրենց ուժերով ավտոբուսից դուրս են հանել մյուս վիրավորներին, ժամանել են «Շտապօգնության» եւ հրշեջ մեքենաները: Գարիկին եւս երկու վիրավորի հետ տեղափոխել են Նովոմոսկովսկի ԲԿ:
Գարիկը ձեռքի խորը վերք է ստացել, նա էլ, մյուս երկու վիրավորներն էլ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից եւ վաղը, հավանաբար, կժամանեն Հայաստան:
Գարիկը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից է, 6 ամիս առաջ էր աշխատանքի բերումով ՌԴ մեկնել եւ Հայաստան էր գալիս՝ Ամանորն ընտանիքի հետ անցկացնելու:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը, Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին Գետաշեն համայնքներից էին, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորվել է:





























