Մոսկվայում երկու ավտոբուս են կանգնեցրել, որոնք նման են Տուլայի մարզում վթարի ենթարկված ավտոբուսին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությանը:

«Վերլուծելով հարեւան մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ն՝ մոսկովյան ոստիկանության աշխատակիցները պարզեցին, որ շրջված ուղեւորատար ավտոբուսն ուղեւորվել է մայրաքաղաքի հարավում գտնվող Լուգանսկի փողոցում տեղակայված ազգային սրճարանից: Հատուկ օպերատիվ-կանխարգելիչ գործողության շրջանակում այսօր ոստիկաններին հաջողվել է Երեւան ուղեւորվող երկու ավտոբուս կանգնեցնել»,- ասել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովը:

Նրա խոսքով, ավտոբուսների տեխնիկական ստուգման ընթացքում ղեկի եւ արգելակման համակարգի լուրջ անսարքություններ, նաեւ ավտոբուսների գործարանային կոնստրուկցիաներում փոփոխություններ կատարելու փաստեր են հայտնաբերել:

Բացի այդ, վարորդը ուղեւորափոխադրումներն իրականացրել են առանց համապատասխան արտոնագրերի եւ անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով։ 

«Ներկայումս երկու ավտոբուսները տեղափոխվել են մասնագիտացված կայանատեղի, իսկ վարորդներին տեղափոխել են Ցարիցինոյի ՆԳԲ՝ հետագա քննության համար։ Որոշվում է մեղավորներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ընդգծել է Գալիաքբերովը։