ՌԴ ԱԻՆ-ը 2 ուղղաթիռ կուղարկի Տուլա՝ Ուզլովայա քաղաքի մոտ վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի ուղեւորներին Մոսկվայի մարզի Ռամենսկոյե օդանավակայան տեղափոխելու համար։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ Մոսկվայի շրջանի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Մաքսիմ Պրյախինը։

«ԱԻՆ 2 ուղղաթիռ կժամանեն Տուլայի օդանավակայան մոտավորապես առավոտյան ժամը 10։00-ին։ Դրանցով կտեղափոխեն վթարից չտուժած ուղեւորներին կամ թեթեւ վիրավորներին, որոնք արդեն դուրս են գրվել։ Նրանք բոլորը «Արմենիա» հյուրանոցից ավտոբուսով կտեղափոխվեն Տուլայի օդանավակայան։ Նրանց թիվը հիմա պարզվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Պրյախինը նշել է, որ այն հիվանդները, որոնք տեղափոխման ենթակա չեն, դեռեւս մնում են հիվանդանոցներում։

«8 զոհերի մարմինները նույնպես նոյեմբերի 5-ին բեռնատար մեքենաներով  կտեղափոխվեն Ռամենսկոյեի օդանավակայան, իսկ հետո ԱԻՆ հատուկ օդանավը կամ Հայաստանի ավիաուղիները նրանց Երեւան կհասցնեն»,- ընդգծել է նա։

Իր հերթին ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ ԱԻՆ-ը Հայաստան թռիչքի է պատրաստում Իլ-76 օդանավը, որը Երեւան կհասցնի ավտոբուսի 29 տուժած ուղեւորներին եւ զոհերի մարմինները։ Ծանր հիվանդների տեղափոխության համար ԱԻՆ օդանավում կտեղադրվի 4-տեղանոց բժշկական շարժակ։

Մամուլի խոսնակը նշել է, որ Ռամենսկոյեի օդանավակայանում, որտեղից Իլ-76-ը կմեկնի Հայաստան,  3 ծանր վիրավորներին Տուլայից կտեղափոխեն ԱԻՆ Մի-8 ուղղաթիռով, որը հագեցած է բժշկական շարժակներով։

ԱԻՆ-ից հայտնել են, որ օդանավի թռիչքը պլանավորված է օրվա երկրորդ կեսին։ Ուղեւորներին ուղեկցելու են նրանց հարազատները, ՀՀ ԱԻՆ եւ հյուպատոսարանի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ Երեւան կտեղափոխվի 60 մարդ։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: