«Նոյեմբերի 5»-ի գործով 2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, ազատ կարձակվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Այսօր լրանում է Արմեն Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը եւ նա ազատ կարձակվի «Վարդաշեն» ՔԿՀ-ից»,-ասաց Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ այսօր Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Անոնիմուսների երթ», որին կմասնակցեն քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիներ` բարձրաձայնելով իրենց պահանջները, սակայն պայթուցիչներ չեն գործածի:
Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ Անոնիմուսների երթն անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել: Հայաստանում դատական բոլոր ատյաններում բողոքարկումը ձախողելուց հետո դատապարտվածների փաստաբանները դիմել են ՄԻԵԴ:





























