Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավի անձնակազմի 5 անդամների մարմինները Հայաստան կտեղափոխեն։

NEWS.am-ի տեղեկություններով՝ մարմինների տեղափոխությունն իր վրա է վերցնելու օդանավը վարձակալած Allied Service Limited սուդանական ընկերությունը։

Համաձայն ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ Asia Airways-ի ղեկավար Նարզիքուլա Համրաեւը հայտնել է, որ ընկերությունը պայմանագիր էր կնքել, որի  համաձայն, օդանավը թռիչքներ էր իրականացնում Asia Airways-ի կոդով, սակայն իրականացնում էր ԱՄԷ-ում գրանցված ընկերության պատվերները։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը  NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ԱՆ-12 օդանավը հայկական գրանցում չունի, եւ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները նման ինքնաթիռ չունեն։

Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովն իր հերթին նշել էր, որ կործանված օդանավը պատկանում էր Ala International LTD հայկական ընկերությանը, բայց նախկինում այն հաշվառված է եղել տաջիկական մասնավոր Asia Airways ընկերության ռեեստրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատար ԱՆ-12 օդանավի վթարից զոհվել են տասնյակ մարդիկ՝ օդանավի անձնակազմը, ուղեւորները, երկրի վրա գտնվող մարդիկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավի անձնակազմում են եղել

Առաջին օդաչու, օդանավի հրամանատար Գեւորգ Թովմասյանը

Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը

Ինժեներ Սամվել Մկրտչյանը

Ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը

Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը