«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը խոստանում է մի օր մի լավ «քոթակել» Լեւոն Զուրաբյանին, բայց, իհարկե, քաղաքական դաշտից այն կողմ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Թեւան Պողոսյանը, մասնավորապես, նշել է.

«Վաղուց արդեն չեմ զարմանում, երբ Լեւոն Զուրաբյանը որեւ մեկին պիտակավորում է կամ վիրավորում. մասնագետները պնդում են, որ նման սովորույթը, որպես կանոն, որեւէ թաքնված արատի տեսանելի արտահայտումն է: Ինձ իրականում այլ բան զարմացրեց: Ինձ ստախոս անվանելով` Լեւոն Զուրաբյանը իսկապես բավականին զարմացրեց ինձ. որքան պրպտեցի հիշողությունս, այդպես էլ չկարողացա մտաբերել, թե ե՞րբ եմ հրապարակավ պնդել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հաձնաժողովին, կամ ե՞րբ եմ հրապարակավ հավաստիացրել բոլորին, որ ադրբեջանցի պատգամավորը ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի ելույթին չի ծափահարել: Նմանօրինակ բազմաթիվ այլ` հանրայնորեն քաջ հայտնի «տուֆտա» ստերն էլ չհիշեցի, երբ եմ դուրս տվել:

Իսկ թե ինչեր է ինքն ասել կամ չասել տիկին Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ, լավագույնս կարելի է տեղեկանալ այդ հանդիպման ձայնագրությունից, որը, հուսամ, կարելի է վերցնել ԱԺ լրատվականից, կամ առնվազն կարելի է հարցնել հանդիպման բոլոր մասնակիցներին եւ համամատել, թե ով ինչ է ասել, ինչպես է ասել եւ գնահատել` որտեղ է ծվարած ստախոսը:

Չեմ վիճի, որ Հայաստանի եվրոպական մոդելով զարգացման հանրային աջակցությունն ավելի նվազ է, բայց այն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են դա անել հետեւողականորեն եւ սկզբունքային դիրքերից, իրականում համարում եմ Հայաստանի իրական շահերը պաշպանողներ:

Իսկ թե ինչպես օգնեց Զուրաբյանը հենց հանրապետականներին` պարզելու Ռուսաստանի դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ըստ իս, լավագույն ապացույցն է, թե ով է օգնում իշխող կուսակցությանը եւ պատվեր կատարում նրանց համար:

Իսկ ինձ հանրապետական անվանելու համար խոստանում եմ մի օր մի լավ «քոթակել», բայց, իհարկե, քաղաքական դաշտից այն կողմ»:

Նշենք, որ Թեւան Պողոսյանն անընդունելի էր համարել, երբ Հայաստանի ԱԺ-ում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը վերջինիս խնդրել էր հորդորել ՀՀ իշխանություններին հրաժարվել սահմանադրական փոփոխություններից: