Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Ռուսաստանի Տուլայի մարզի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհերի թաղման եւ տուժածների բուժման ծախսերը։ Այդ մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի կառավարության նիստի սկզբին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ 

Նման որոշումը, հավելել է նա, ընդունվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում։ Նա հիշեցրել է, որ տրանսպորտի եւ առողջապահության նախարարներ Գագիկ Բեգլարյանի եւ Արմեն Մուրադյանի գլխավորած աշխատանքային խումբը Տուլայի մարզ է մեկնել տեղում բուժում ստացողներին անմիջական օգնություն տրամադրելու համար։ 

Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, մասնավորպես վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին եւ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին։  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտովթարի հետեւանքով ավելի քան չորս տասնյակ մարդ է տուժել։ Յոթ մարդ տեղում զոհվել է։ Եվս մեկը մահացել է հիվանդանոցում։  9-ի վիճակը գնահատվում է որպես ծանր։