Կարելի է լավ աշխատանքով կանխել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայկական բանաձեւի ընդունումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն` անդրադառնալով ԵԽԽՎ-ում քաղաքական հարցերով կոմիտեի նիստում` Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը ԵԽԽՎ լիագումար նիստում ներկայացնելու որոշմանը:

«Աշխատելու տեղ միշտ կա, մենք պետք է հասկանանք, որ ավելի ճկուն պետք է լինել, կարելի է աշխատանքով կանխել բանաձեւի ընդունումը»,-ասաց նա:

«Երկու խնդիր կա, ադրբեջանական լոբբինգը եւ ֆինանսավորումը, որը շատ մեծ մասշտաբներ է ընդունել, չհաշված խավիարային հայտնի դիվանագիտության մասին: Մյուս տեսանկյունից ես կարծում եմ` դեռ մեծ  հնարավորություններ կան քայլեր անելու, տակտիկական քայլեր կան, որոնց մասին հիմա  չեմ ուզում խոսել»,-նկատեց Շահգելդյանը:

Հարցին, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը կհաջողվի՞ համարժեք աշխատանքներ տանել ու տապալել բանաձեւի ընդունումը, Շահգելդյանը պատասխանեց. «Իհարկե աշխատելու տեղ միշտ էլ կա, սակայն դժվարանում եմ հիմա ասել, քանի որ էնտեղ նրանք ավելի մեծ գերակշռություն են ստեղծում ու քայլը քայլի հետեւից բերում են նման զեկույցներ: Մեզ հաջողվեց այն մի զեկույցը չեզոքացնել, հիմա այս մյուսը կա, բայ կարծում եմ` աշխատելու տեղ դեռեւս կա»:

Դիտարկմանը, թե եթե ամեն դեպքում, բանաձեւն ընդունվի հունվարին, ինչ հետեւանքներ այն կունենա, ՕԵԿ խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Ուղղակի հետեւանքներ չի կարող ունենալ անմիջական որոշումներ ընդունելու վրա, որոնց հետեւում են  գործողություններ: Այդ իմաստով անմիջական ազդեցություն չի ունենա: Ուղղակի հղումներ կարվեն այդ զեկույցին, ինչը եւս բացասական հետեւանք է»:

Հարցին, թե հնարավո՞ր է բանաձեւի ընդունումը կանխելու աշխատանքների արդյունավետության նկատառումներից ելնելով, փոփոխություն կատարվի հայկական պատվիրակության կազմում, Շահգելդյանը դժվարացավ պատասխանել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ-ի քաղաքական եւ ժողովրդավարության  հարցերով հանձնաժողովի նիստին  հայկական կողմերի համար անընդունելի որոշում է ընդունվել, որը կոչվում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»։ Զեկույցը կներկայացվի 2016-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի քննարկմանը։