Նոյեմբերի 6-ին Տուլա կժամանեն Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները՝ Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած հայ ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ներկայում Տուլայում գտնվող Հայաստանի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը:

Նա հիշեցրեց, որ ներկայում Տուլայի մարզային կլինիկական հիվանդանոցում դեռեւս 12 տուժած բուժում է ստանում, նրանցից 2-ի վիճակը ծանր է:

Տուժածներից մեկի հարազատները վաղը նրան փոխադրելու են Սոլնեչնոգորսկ: Փոխնախարարի խոսքով, նրա վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել: 7 մարդ զոհվել է, եւս մեկը մահացել է հիվանդանոցում:

Նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԻՆ հատուկ օդանավով Երեւան են տեղափոխել զոհերի մարմիններն ու մի քանի տասնյակ ուղեւորներ: 12 հոգի դեռեւս Տուլայի մարզային հիվանդանոցում են: