Ադրբեջանական Շիրվան քաղաքում քրեական վեճը երկու մասնակցի կյանքն է արժեցել։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, անցած երեկոյան Հեյդար Ալիեւի պողոտայի մոտ գտնվող սրճարաններից մեկում Մակարով ատրճանակից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել են Շիրվան քաղաքի բնակիչներ, նախկինում դատված Զաուր Սարիբալաեւը (1990 թ.ծ.) եւ քրեական շրջանակներում որպես «ծածկամիտ Էլվին» հայտնի Էլվին Նազիեւը (1983 թ.ծ.)։ Հանցագործությունը կատարվել է քրեական վեճի հետեւանքով։
Տեղի ունեցածի պատճառներն ու մանրամասները պարզվում են։ Դեպքի վայրում քննչական միջոցառումներ են իրականացվում։ Սպանվածների մարմիններն ուղարկվել են դատաքննչական փորձաքննության։
Միջադեպի հետ կապված, որպես կասկածյալ ձերբակալվել են Շիրվան քաղաքի բնակիչ Թուրալ Սալմանովը (1985 թ.ծ.), ու եւս մեկը, որի անունն առայժմ հայտնի չէ։ Հայտնի է սոսկ այն, որ նրան ձերբակալել են Սամուխյան շրջանում՝ սահմանային անցակետում, երբ վերջինս փորձում էր հատել սահմանը։ Նշվում է, որ քննության մեջ ներգրավված անձանց թիվը կարող է աճել։
Նշենք, որ Զաուր Սարիբալաեւը 2009-ի հունիսի 3-ին ազատազրկման էր դատապարտվել Ծանր հանցագործությունների գծով Ռազմական դատարանի որոշմամբ եւ ազատ էր արձակվել Ադրբեջանի նախագահի՝ 2014-ի մայիսի 26-ի համաներման հրամանագրով։





























