Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այցելել է ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոց, որտեղի շրջանավարտ է հանդիսանում:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանված նոր կարգի համաձայն դպրոցի մանկավարժները «Հայ ուսուցչի երդման» տեքստ են կարդացել, որից հետո սկվել է առաջին դասը, որին մասնակցել է նաեւ Գագիկ Բեգլարյանը: Վերջինս առաջարկել է տեղում տրամաբանական խնդիրների վիկտորինա կազմակերպել, որոնց լուծումներին ակտիվ մասնակցել է նաեւ քաղաքապետը: Նա դպրոցին մագնիսական շախմատ-գրատախտակներ է նվիրել:
Նշենք, որ Ա. Շահինյանի անվան դպրոցն այս տարի տոնում է հիմնադրման 45 ամյակը: Այստեղ սովորում են 7-12-րդ դասարանների աշակերտներ: Անկախ կրթական բարեփոխումներից, դպրոցում տարիներ շարունակ կիրառվել է ավագ դպրոցի մոդելը: Անցյալ տարի ֆիզմաթցիները հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ են ցուցաբերել:




























