Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանին առաջին անգամ կալանավորելու որոշումը բողոքարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը:

«Թող 10 տարի քննեն գործը, վերջիվերջո, թող պարզեն իրականությունը, բայց մենք պարզապես պահանջում ենք, որ այս ընթացքում, քանի դեռ քննվում է այդ գործը իմ պաշտպանյալը չպիտի գտնվի կալանքի տակ: Նախաքննության ընթացքում անձին կալանքի տակ պահելը չի կարող հիմնված լինել միայն այն բանի վրա, որ նա մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ»,-ընդգծել է Ալումյանը:

Նրա խոսքով, որպեսզի նախաքննությաան ընթացքում անձին կալանավորեն, պետք է հիմքեր լինեն մտածելու, որ այդ անձը կարող է թաքնվել քննությունից կամ ճնշում, ազդեցություն գործադրել վկաների նկամամբ, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: «Այդպիսի հիմքեր գոյություն չունեն, և Հայաստանն արդեն մի քանի այդպիսի գործ պարտվել է Եվրոպական դատարանում՝ Փիրուզյանի գործը, Սեֆիլյանի գործը, երբ անձին կալանավորում են զուտ նկատի ունենալով, որ ինքը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Դա չի կարող կալանավորման հիմք հանդիսանալ»,-ասել է փաստաբանը՝ հավելելով, որ այդ այդ վճիռները 7 տարի առաջ են եղել, որոնցով Եվրոպական դատարանն արդեն վճիռ կայացրել է, եւ այս 7 տարվա ընթացքում մեր դատարաններում ոչինչ չի փոխվել այդ առումով:

Ալումյանը նշել է, որ դա պայմանավորված է խորհրդային մտածելակերպով: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է՝ կարծեք թե Կենտրոնի դատարանը Ազգային անվտանգության ծառայության մի ստորաբաժանում լինի, իսկ կալանավորման վերաբերյալ միջնորդությունների նկատմամբ այդ դատարանում քննադատական մոտեցում չկա»,-ընդգծել է փաստաբանը:

Նա նաեւ ապատեղեկատվություն է համարել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությունը, թե մարդիկ արդեն խոստովանել են, որ այդ հանցագործությունն իրենք են կատարել: