Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժած 8-րդ ուղեւորը դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, որն այս պահին գտնվում է հիվանդանոցում:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը  NEWS.am-ին հայտնել է, որ տուժածը կրծքավանդակի սալջարդ էր ստացել:

Նա ցանկություն է հայտնել գնալ տուն ու բուժումը տանը շարունակել:

Նշենք, որ հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում երկու տուժած՝  մեկ տղամարդ ու մեկ կին: Տղամարդը ոսկրերի ու նախաբազկի կոտրվածք ունի, կինը՝ ողնաշարի ու կրծքավանդակի վնասվածք:

Հիշեցնենք, որ տուժածներին եւ զոհերի մարմինները Հայաստան են ժամանել նոյեմբերի 5-ի երեկոյան: Տուժածներից 9-ը տեղափոխվել էին  հիվանդանոց:

Առավել ծանր վիրավորները՝ 12 ուղեւոր, մնացել են Տուլայի շրջանային հիվանդանոցում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ նրանց տեղափոխումը Հայաստան այս պահին ռիսկային է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: