Այս տարվա խաղողի ռեկորդային բերքը ցավալի հետեւանքներ ունեցավ հայ գինեգործական ընկերությունների եւ գյուղացիների համար:  Այս մասին այսօր` նոյեմբերի 6-ին, լրագրողներին ասաց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` նշելով, որ գինեգործարանները պատրաստ չէին ընդունել խաղողի բերքի նման մեծ չափաքանակ, այդ պատճառով էլ սկսեցին առանց խաղողի որակը նայելու մթերել այն, վերամշակող գործարանների մոտ հերթեր գոյացան, որի հետեւանքով խաղողի որակն ընկավ ու գյուղացին ստիպված եղավ բերքը մթերել շատ ցածր արժեքով: Նրա խոսքով, եղել է նաեւ խաղողի արտահանման ռեկորդային նվազում` 30-50 տոկոս:

«Գյուղնախախարությունը երկու բան խոստացավ, ասաց, որ ոչ մի ողկույզ խաղող չի մնա` կմթերվի, դա կատարեց, բայց չարեց մյուս խոստումը` գյուղացուն խոստացավ բարձր գնով մթերել խաղողը, բայց հիմա գյուղացին 20 դրամով  է մթերում այն: Գյուղացին միանշանակ տուժեց:  Այս ամենը պատահեց նաեւ պետական բլոգում թույլ տրված սխալների պատճառով` պետությունը բիզնեսն իրենից զատեց, պատերազմող պետությունը իրավունք չունի մոնոպոլ քայլեր չձեռնարկելու, պետք է պետական գինու գործարաններ կառուցեր, խրախուսեր կոոպերատիվ գինու գործարանների զարգացումը»,-ասաց Ավագ Հարությունյանը` նշելով, որ այս ամենից կոնյակագործները շահեցին, ունեցան էժան կոնյակի նյութ:

Ավագ Հարությունյանի խոսքով, գինեգործական ընկերությունները եւս 2 տարի ռուսական շուկայում վնասով կաշխատեն` կապված ռուբլու անկման հետ, քանի որ Ռուսաստանում ռուբլին անկայուն է մնում, իսկ Ռուսաստան արտահանվող ապրանքների արժեքն ընկնում է:

«ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար տնտեսական հարթության մեջ  ոչ վնաս է, ոչ էլ օգուտ:  ԵՏՄ-ն գայթակղիչ շուկա է գյուղացիների համար, բայց գինու կամ կոնյակի համար ոչ»,-ասաց Հայ գինեգործների միության նախագահը: